ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը այսօր՝ ապրիլի 8-ին, մերժեց Հայաստանում կավատությամբ զբաղվելու համար մեղադրվող, 34-ամյա իրանցի Մոհամադ Զարեհի գործով առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկող հայցը։
Մեղադրյալի փաստաբան Սիրուշ Աղվանյանը դատարանին խնդրել էր հաշվի առնել մեղմացուցիչ հանգամանքները, Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը, բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ փոխի պատիժը՝ պայմանականորեն չկիրառել պատիժը։
«Նախկինում դատապարտված չլինելը, իրեն մեղավոր ճանաչելը եւ անկեղծորեն զղջալը իմ պաշտպանյալի համար մեղմացուցիչ հանգամանքներ են, որոնք դատարանը հաշվի չառավ»,- NEWS.am-ին ասաց փաստաբանը՝ նշելով, որ դատարանի վճռի հիմնավորմանը ծանոթանալուց հետո կորոշեն՝ դիմել Վճռաբեկ դատարան, թե ոչ։
Դատարանը խնդրեց մեղադրյալին, որպեսզի ներկայացնի այն հիմքերը կամ մեղմացուցիչ հանգամանքները, որոնց հիման վրա դատարանը պետք է բեկանի առաջին ատյանի դատարանի որոշումը։
«Ողջունում եմ դատարանին, շնորհավորում եմ իրանական Նոր տարին»,- թարգմանչի միջոցով դատարանին փոխանցեց Մոհամմադ Զարեին։
Մեղադրյալը պատմեց, որ ինքը ծնվել եւ մեծացել է Թեհրանում, ունի 4 մասնագիտություն, սակայն կնոջ մահից հետո տեղափոխվել է Հայաստան։
«Կնոջս կորցրել եմ ավտովթարի հետեւանքով, եւ ինձ համար ծանր էին այդ հիշողությունները, ուստի եկա, որ ապրեմ, աշխատեմ Հայաստանում եւ ֆինանսապես օգնեմ ծնողներիս, որոնք Իրանում են բնակվում։ Ես դիսկո հաճախող հայ աղջիկների կողմից շանտաժի ենթարկվեցի եւ այս գործի մեջ միակ մեղավորը ես դուրս եկա»,- դատարանին պատմեց իրանցի երիտասարդը։
Դատավորը ընդհատեց Մոհամմադ Զարեին՝ ասելով, որ ըստ էության եւ կարճ խոսի. «Դուք նշեցիք, որ 4 մասնագիտություն ունեիք, հիմա Հայաստան էիք եկել, որ նոր մասնագիտություն ձեռք բերեիք եւ հայ աղջիկներին ձեր ազգի ջիգիթներին մատակարարեի՞ք»։
Մեղադրյալը բացասական պատասխան տվեց, ասաց, որ ինքն ընդունում է իր մեղքը եւ խնդրում է դատարանին պայմանականորեն պատիժը չկիրառել։
«Խնդրում եմ հաշվի առնել այն, որ ես օտարերկրացի եմ, ծանոթ չեմ տեղի օրենքներին, առաջին անգամ եմ դատապարտվում։ Առաջին մեղքի համար մահապատիժ չեն կիրառում, իսկ այս դատավճիռը ինձ համար մահապատիժ է»,-ասաց մեղադրյալը։
Նշենք, որ Վերաքննիչում այսօր բողոքարկվում էր առաջին ատյանի դատարանի որոշումը, որով Մոհամմադ Զարեին դատապարտվել էր 3 տարի ազատազրկման՝ մարմնավաճառությամբ զբաղվող Դիանա Հայրապետյանի, Մարգարիտա Հարությունյանի, Նաիրա Մնացականյանի, Արմինե Բարսեղյանի, Մարիա Ամիյանի, Թեհմինե Առաքելյանի և Գոհար Աբրահամյանի հետ համաձայնության գալու եւ նրանցից 5000-ական դրամ միջնորդավճար պահելով՝ իրանցի տղամարդկանց հետ ծանոթացնելու եւ նրանց սեռական ծառայություններ առաջարկելու համար։
Աղբյուր՝ news.am