Արմավիրի մարզում վերջին երկու օրվա ընթացքում ամբողջովին ցրտահարվել են ծաղկած ծիրանենին, սալորենին, վաղահաս դեղձը եւ կեռասենին, իսկ խաղողի վազերը այս տարի լիարժեք բերք չեն տալու։
«Սաղ էլ ցուրտը տարել ա, էս ամբողջ ծառի վրա, որ ասես 5 հատ ծիրան կլինի, էդ բացառված բան ա»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի բնակիչ Արայիկ Ստեփանյանը։
Ավելի վտանգավոր է, սակայն, մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերվա ցրտահարությունը. ջերմաստիճանը ավելի կնվազի։ Ցերեկը հալված ձյունը կսառի ու վերջնականապես կփչացնի բերքը։
Այսօր երկինքը պարզվել է, ինչը մեծացրել է գյուղացիները խուճապը, որոնք շատ լավ գիտեն, որ դա սաստիկ ցրտի նախանշան է։ Գյուղացիները փորձելու են փրկել ջերմոցների բանջարաբոստանային կուլտուրաները. «Դե ինչքան շոր, ցելոֆան, մեշոկ կա, տանում ենք, փռում ենք ջերմոցների վրա, որը գազ ա զապրավկա արել, որ գազ դնեն, վառեն»,- պատմեց գյուղի բնակիչը։
Նրա խոսքով՝ գյուղացիները մոմեր են գնել, որ գիշերը վառեն ջերմոցներում, բայց Էջմիածնի խանութներում այլեւս մոմ չի մնացել։
Ստեղծված իրավիճակի համար գյուղացիները մեղադրում են Գյուղնախարարությանը, որը ժամանակին ու ճիշտ տեղեկություն չի տրամադրել սպասվող սառնամանիքի մասին. «Իրանց ասելով՝ էս գիշեր պիտի լիներ ցրտահարություն, բայց նախորդ գիշեր էլ ա ցրտահարություն եղել, եթե մենք պաշտպանած չլինեինք, 100 տոկոսով դրանք էլ պիտի տաներ»։
Գյուղի խաղողի վազերը նույնպես տուժել են ուժեղ ցրտից։
«Խաղողը կլինի, բայց ոչ լիարժեք, վաղը ավելի պարզ կլինի, նենց ա, որ խաղողը կարողա էս առաջին բերքը չգցի, բայց հետեւից երկրորդ բերք տա»,- ասաց Արայիկ Ստեփանյանը։
Այս գիշեր գյուղացիները գիշերելու են իրենց հողամասերում, ջերմոցներում՝ կրկնակի ծածկոցներով պաշտպանելով իրենց ամբողջ տարվա ապրուստը։
«Էդ մտածմունքից ներվերս էլ չի դիմանում, մեջքս բռնվել է, չգիտեմ՝ ինչ ա լինելու մեր վերջը, եթե էս գիշեր էլ ցուրտը տանի, վաղը ամեն մեկի դուռը մի հատ դագաղ ա դրած լինելու».-ասաց Արայիկ Ստեփանյանը։