Ամիսներ առաջ, երբ Փակ շուկայի համար ակտիվիստները պայքարում էին, շուկայի տնօրինությունը հավաստիացնում էր, որ շենքն ամբողջությամբ պահպանվելու է, շինարարության ավարտից հետո այն հանձնվելու է շահագործման որպես շուկա: Շենքի վերաբացումից հետո պարզ դարձավ, որ ներսում գործում է սուպերմարկետ, իսկ միրգ-բանջարեղեն վաճառողների համար հատկացված տարածքն ընդամենը շուկայի մուտքի մոտ է: Ակցիաների օրերին շուկայի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պաշտպանողների թվում էր «Սոցիալիստական շարժման» նախագահ Ռոբերտ Ահարոնյանը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեր այն հարցին, թե պատկերացնո՞ւմ էր, որ վերանորոգումից հետո շուկան սուպերմարկետի կվերածվի, նա պատասխանեց, որ Փակ շուկան գոյություն չի ունեցել 91 թվականից հետո: «Երբ կապիտալիստական համակարգը եկավ Հայաստան, և վերացվեց հողի մշակումը, կոլխոս-սովխոզ հասկացությունը, Փակ շուկան այդ օրվանից չի գործում: Դա դարձել է զուտ մի տարածք, որտեղ վերավաճառողները սպեկուլյացիա էին անում, աշխատում էր 30-40 հոգի»,- ասաց նա: Ապա նշեց, որ անկախությունից հետո տարածքը չի օգտագործվել գյուղացու համար, նա իր բերքը չի բերել և վաճառել շուկայում, ինչը նշանակում է, որ տարածքը զուտ վերավաճառողների համար էր օգտագործվում:

«Շնորհակալ կլինեի Սամվել Ալեքսանյանին, եթե ինքը ժամանակին գներ Երիտասարդական պալատը, թող ներսում լիներ «Երևան սիթի», բայց լիներ պալատը: Իսկ հիմա եթե նա հնարավորություն ունենար գնելու «Զվարթնոց» օդանավակայանը և «սիթիներ» տեղադրեր, բայց շենքը պահպանվեր, ես էլի իր կողքին կկանգնեի»,- ասաց «Սոցիալիստական շարժման» նախագահը:

Ըստ նրա՝ ինչ պահպանվում է Հայաստանում, պահպանվում է ժողովրդի համար, և ինքը համոզված է, որ սոցիալիզմի գաղափարախոսությունը մեր երկրում վերականգնվելու է և ամբողջը դառնալու է ժողովրդի սեփականությունը:

Փակ շուկայի վերակառուցման համար պայքարողների շարքերում էր նաև քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, ով մեզ հետ զրույցում ասաց, որ առաջինը, ինչի համար ինքը պայքարել է, Փակ շուկայի վերակառուցումն ու վերջնական ավերումից փրկվելն է, որովհետև պետական կարգավիճակում միշտ էլ ուշադրության պակաս կա հուշարձանների նկատմամբ. «Շուկայի կառուցումը պաշտպանել եմ, մանավանդ որ համարել եմ՝ էական շեղումներ չկային այն պահին: Ես կարևորել եմ նաև այն, որ պրոֆիլը չփոխվի, այսինքն կարող են լինել խանութներ, բայց սկզբունքային էր ինձ համար, որ խանութների հետ միասին այն շարունակի մնալ տեղ, որտեղ իրացվում են գյուղատնտեսական ապրանքներ»:

Նրա փոխանցմամաբ՝ պրոֆիլի պահպանությունը կարևորել է երկու առումով, նախ, որ քաղաքային կոլորիտը պահպանվի, և այն, որ մեր համագյուղացիները իրենց սոցիալական խնդրները լուծեն:
Ինչ վերաբերում է ներայիս իրավիճակին, ապա Սուրեն Սուրենյանցն ասաց, որ ինքը խորապես համոզված է, որ վերավաճառողի կամ դալալի երևույթը շատ վատ է և ինքը դրան կողմնակից լինել չի կարող. «Փակ շուկան պարտադիր պետք է պահպանի իր պրոֆիլը, որովհետև շուկան ոչ միայն անունով, այլև բովանդակությամբ պետք է ներդաշնակ լինի և՛ պատմությանը, և՛ ներկային, և՛ ապագային:Վերակառուցված փակ շուկան, որը ես պաշտպանել էի, նման նշանակություն պիտի ունենար»:

Աղբյուր՝ www.1in.am