Երևանի բնակիչ Սարգիսի և նրա ընտանիքի նկատմամբ խուլիգանություն դրսևորելու մեղադրանքով կալանավորված Քրիստինե Տատարոգուլոյին դատապարտեց 5 տարի 4 ամիս ազատազրկման: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քրիստինեի փաստաբան Արտակ Գարոյանը, որը նշեց, որ դժգոհ է դատարանի վճռից:
«Քրիստինեի արարքը խուլիգանություն չէր, քանի որ նա անհարգալից վերաբերմունք էր ցուցաբերել ոչ թե հանրության, այլ Սարգսի հարազատների հանդեպ»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ դատարանում Քրիստինեի դեմ ցուցմունք են տվել Սարգիսի բարեկամները, որոնց վկայությունները իրավաբանական ուժ չունեն:
Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ Քրիստինեի 9-ամյա դուստրն այժմ գտնվում է Գավառի մանկատանը: Նա նշեց, որ ամենայն հավանականությամբ իրենք կբողոքարկեն առաջին ատյանի դատարանի որոշումը:
Հիշեցնենք, որ Քրիստինե Տատարոգուլոյին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա՝ տեղեկանալով, որ իր ընկերոջ՝ Սարգիսի ընտանիքը դեմ է իրենց հարաբերություններին, վիճաբանության մեջ էր մտել իր ընկերոջ ծաղկավաճառ մոր հետ, նրա հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տվել, ոտքով հարվածել ոտքին, ապտակել, որից հետո իր մոտ եղած էլեկտրահարիչ սարքով էլեկտրահարել նրան:
Բացի այդ, Սարգիսի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ էր տվել, իր մոտ եղած դանակով սպառնացել ու փորձել էր հարվածել նրան: Մոտ 20 րոպե տեւած միջադեպի ընթացքում Քրիստինեն սեռական բնույթի հայհոյանքներ էր բղավել ինչպես իր ընկերոջ ընտանիքի, այնպես էլ՝ դիտողություն արած անցորդների հասցեին, ինչը մեղադրական եզրակացության մեջ որակվել էր որպես «հանրության հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսեւորում»:
Նշենք նաև, որ նախորդ դատական նիստին Քրիստինեն ընդունեց իր մեղավորությունը և դատարանից մեղմ պատիժ խնդրեց:
news.am