Հաղորդավար, դերասանուհի Զառա Արամյանն անձամբ է տարիներ առաջ դիմում ուղարկել քաղաքապետարան` իրեն բնակարան հատկացնելու խնդրանքով:
«Առանց ավելորդ սեթեւեթանքի ու ձեւերի կասեմ, որ հաճելիորեն զարմացա, որովհետեւ իմ խնդրանքը, դիմումը ես երկար տարիներ առաջ եմ ուղարկել քաղաքապետարան: Ես միշտ անկեղծ եմ եղել ժողովրդի հետ, ձեւերի մեջ չեմ մտնում. այո, շատ կուրախանամ, եթե այս հարցը դրական լուծվի: Ամեն օր մտածում էի՝ մի՞թե կգա մի օր, որ այդ հարցը կարող է լուծվել: Եթե դուք լինեիք, չէի՞ք երջանկանա, եթե մի խնդիր ունենայիք, որը ճակատագրական է, եւ այդ խնդրով դուք տառապում էիք երկար ու ձիգ տարիներ, եթե այդ խնդրի լուծումը թեկուզ եւ հեռվում տեսնեիք, կուրախանայի՞ք, թե՞ ոչ, իհարկե կուրախանայիք»,- ասաց դերասանուհին:
Զառա Արամյանի խոսքով՝ իրեն բնակարան տրամադրելու որոշումը դեռ վերջնականապես չի կայացվել , հոկտեմբերի 8-ին կայանալիք ավագանու նիստում պարզապես քննարկվելու է այդ հարցը:
Դերասանուհին նշեց, որ բնակարանային խնդիրներ ունի, եւ նոր բնակարան ստանալով` պարզապես կերջանկանա. ընտանիքը բազմանդամ է, ապրում է խրուշչյովյան նախագծով հին բնակարանում:
Նշենք, որ քաղաքապետարանի ավագանու նիստի օրակարգում ընդգրկված է նաեւ երգիչ-երգահան Դավիթ Ամալյանին, գրող Վահրամ Սահակյանին և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Բերջ Քարազյանին բնակարան նվիրելու հարցը: